Վկայի հայրը 780 հազար դոլար պարտք է վերցրել Ծառուկյանի փեսայից, սակայն վկան չգիտի, թե ինչու. ՀԵՏՔ
Հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 29-ին շարունակվեց Գլխավոր դատախազության հայցի քննությունն՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:
Նշենք, որ Ռոզա Ծառուկյանը գործարար, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի դուստրն է, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը՝ դստեր ամուսինը։
Պատասխանողների ներկայացուցիչները միջնորդել էին որպես վկա հրավիրել Մնացական Թևոսյանին։ Նա դատարանի դահլիճում ցուցմունք տվեց՝ հայտնելով, որ իր հայրը Կարապետ Գուլոյանի հետ ունեցել է ընկերական հարաբերություններ, և ինքը Գուլոյանին գիտի իր հոր միջոցով։ Վկան պատմեց, որ 2015 թվականին հայրը՝ Մանվել Թևոսյանը, վատառողջ է եղել և իրեն ասել է, որ Կարապետ Գուլոյանին գումար է պարտք՝ 780 հազար դոլար, ու որդին պետք է վերադարձնի այդ պարտքը։ Մնացական Թևոսյանի խոսքով՝ հոր մահից հետո բանկի միջոցով այդ գումարը փոխանցել է Գուլոյանին։
Դատախազ Համլետ Հարությունյանը վկային հարցրեց, թե հայրը երբ և ինչ պայմաններով է այդ գումարը ստացել Գուլոյանից։ Մնացական Թևոսյանն ասաց, որ իրենց տան դրվածքն այնպես է եղել, որ չէր կարող հարցնել հորն այդ մասին։
«Թե երբ է վերցրել, տեղեկություն չունեմ, ուղղակի որ վատառողջ էր, վերադարձնելու մասին ասեց, ու առանց խոսքի, ավելորդ տառի ու բառի, ասել եմ՝ օքեյ, հերս»,- ասաց վկան՝ հավելելով, որ միայն տեղյակ է, որ 2015 թվականին է այդ գումարը վերցրել իր հայրը։
Վկան նաև չուներ տեղեկություն, թե ինչ նպատակով է իր հայրը 780 հազար դոլարը վերցրել Գուլոյանից, չգիտեր, թե ինչ եղանակով, ինչ արժույթով է ստացել գումարը հայրը։
Սակայն դատախազը հայտնեց, որ վկա Մնացական Թևոսյանը նոտարի մոտ հայտարարություն է տվել, թե հայրը կանխիկ է գումարը վերցրել։
«Մանրամասները միգուցե չեմ հիշում, բայց գիտեմ, որ հաստատ վերցրել է, կարող է նոտարի մոտ ուշադիր չեմ եղել, բայց միտքը ու իմաստն այն է, որ վերցրել է։ Ընդեղ կարող է գրել եմ կանխիկ կամ ինչ-որ բան, ես ուշադրություն չեմ դարձրել․․․ Վերցրել է, վերադարձրել ենք, ի՞նչ ունենք խաբելու, իրականությունը դա է, ես կասեմ բոլոր տեղերում»,- ասաց վկա Մնացական Թևոսյանը։
Հաշվի առնելով գումարի մեծ չափը՝ դատախազը հետաքրքրվեց, թե որևէ պայմանագիր կնքվե՞լ է վկայի հոր և Կարապետ Գուլոյանի միջև։ Վկան ասաց, որ նման պայմանագիր, իր իմանալով, չի եղել, և նրանց հարաբերություններն այնքան լավ են եղել, որ դրա կարիքը չի եղել։
Մնացական Թևոսյանը հայտնեց նաև, որ չգիտի՝ այլ գումարի պարտք և պահանջ ունեցե՞լ են իր հայրը և Գուլոյանը։ Ինքը տեղյակ է միայն 780 հազար դոլարից։
Թևոսյանը պատմեց, որ իր հայրը տարածքներ է ունեցել, որոնք վարձակալության է տվել, իսկ հոր մահից հետո վարկ է վերցրել, որ մարի Գուլոյանի պարտքը, իսկ վարկը մարելու համար այդ տարածքներն է վաճառել։
Վկան հոր մահից հետո Գուլոյանի հետ մտերմիկ շփում չունի, միայն առիթների ժամանակ է հանդիպել, հարցրել են իրար որպիսությունը։ Գումարը վերադարձնելու ժամանակ էլ, ըստ վկայի, Գուլոյանի հետ որևէ խոսակցություն չի ունեցել, միայն Գուլոյանից հաշվեհամար է վերցրել ու փոխանցել գումարը։ Իսկ գումարը վերադարձնելու մասին իր հայրն է Գուլոյանի հետ պայմանավորվել մինչև մահանալը։ Վկայի խոսքով՝ պարտքը հրատապ մարելու պարտավորություն չեն ունեցել, պարզապես իր հայրը հիվանդ է եղել, կանխատեսել է, որ հնարավոր է մահանա, այդ պատճառով որդուն հանձնարարել է գումարը վերադարձնել Գուլոյանին։