Ավագանու հերթական ստուգարքը. «Հրապարակ»
Երեւանի քաղաքապետարանում դեկտեմբերի 24-ին ավագանու ոչ իշխանական անդամները հերթական «ստուգարքն» են հանձնելու։ Այդ օրը ներկայացվելու են Երեւանի բյուջեի նախագիծը եւ զարգացման ծրագիրը, որը, ըստ օրենքի, ընդունվում է ավագանու ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ 33 ավագանի պետք է պարտադիր ներկա գտնվի, որ քվորում ապահովվի, իսկ նրանց մեծամասնությունն էլ պետք է կողմ քվեարկի: Մինչդեռ, ինչպես արդեն հայտնի է, ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ունի 32 ձայն, ուստի անհրաժեշտ է, որ իրենց ընդդիմություն հռչակած խմբակցություններից մեկից գոնե մեկ անդամ ներկայանա, որպեսզի քվորում լինի` թեկուզ դեմ քվեարկի: Երեւանի բյուջեն ու զարգացման ծրագիրը կարող են ընդունել միայն այդ դեպքում։
Հիշեցնենք, որ Ավինյանին քաղաքապետ ընտրելու նիստին մասնակցեցին Դոգի «Հանրային ձայնի» անդամները, որոնք դեմ քվեարկեցին, բայց քվորում ապահովեցին, որ ընտրությունը կայանա: Քաղաքապետարանի աղբյուրները հայտնում են, որ Ավինյանի՝ Վարդան Ղուկասյանի հետ կապված ձայնագրության հրապարակումից հետո, երբ նա ենթականերին հորդորել էր «շներին պարոնով չդիմել», այս խմբակցությունն այլեւս նախկին «կառուցողականությունը» չունի` բոյկոտում են ավագանու նիստերը։ Ինչ վերաբերում է բյուջեի նախագծին, ապա 2024-ի ընդհանուր ծախսերը, այդ թվում՝ նաեւ ենթակառուցվածքների ծախսերը, կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդն աճում է 534 միլիոն դրամով: Միտում կա՝ վերականգնելու նաեւ պարգեւավճարների «ավանդույթը»` 457 միլիոն դրամ նախատեսվում է պարգեւավճարների համար։ Այս ցուցանիշը կրկնակի ավելի է նախորդ տարվա թվից: