ԱԱԾ-ի կողմից իմ մուտքը վստահորդիս մոտ դեռևս չի թույլատրվել․ փաստաբան
Փաստաբան Նարեկ Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շտապ.
Հաղորդում հանցագործության մասին
Այսօր ժամը 11։20-ի սահմաններում մոտեցել եմ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայողներին, նրանց կողմից դեռևս ժամը 04։40-ին արգելանքի վերցված Ս.Լ.-ին փաստաբանական օգնություն տրամադրելու նպատակով։
Նկատի ունենալով, որ իմ մուտքը կամ հաղորդակցումը Ս. Լ.-ի հետ չի թույլատրվում, դեպքի մասին իմ 044-44-44-08 հեռախոսահամարից հետևյալ ժամերին ահազանգել եմ հետևյալ կառույցներին.
ՄԻՊ (116) - 11:33, 12:00, 12:25,
ԱԱԾ Սահմանապահ զորքերի թեժ գիծ (015-20-20-20) - 12:03,
ԱԱԾ թեժ գիծ (191) - 12:45։
Արդյունքում, ԱԱԾ-ի կողմից իմ մուտքը վստահորդիս մոտ դեռևս չի թույլատրվել։
Կարծում եմ, որ նշված արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ (փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը), ուստի տալիս եմ սույն հաղորդումը հանցագործության մասին»։
Ավելի ուշ նա նաև հայտնել է, որ գտնվելով ՀՀ ԱԱԾ անցագրային բյուրոյում, փորձում է կապ հաստատել ՀՀ ԱԱԾ թեժ գծի հետ, սակայն չի ստացվում։
«Մեղմ ասած մտահոգիչ է...»։