Արմավիրի մարզի պարեկների պայքարը թմրամոլության դեմ
Նոյեմբերի 18-ին Արմավիրի մարզի պարեկները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով մոտեցել են Սասունցի Դավիթ թաղամասի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու: Կասկած էին հարուցել նրա մոտ ընկած մոխրացած հետքով կաթուցիչն ու թղթե փաթեթները: Տղամարդը բաց վիճակում ներկայացրել է երկու փաթեթ՝ նշելով, որ դրանց մեջ մարիխուանա է, և այն իրենն է: Նա տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նույն զանգվածով ևս երկու փաթեթ:
Նոյեմբերի 22-ի ցերեկը նույն քրեակատարողական հիմնարկ տանող ճաապարհին պարեկները կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: 25-ամյա երևանցի վարորդը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Ըստ նրա` կաթուցիչի մեջ մարիխուանա է` իր օգտագործման համար:
Նոյեմբերի 24-ի կեսգիշերին Արագած զանգվածում պարեկները մոտեցել են նույն թաղամասի բնակիչ մի երիտասարդի: Կասկածը, որ 22-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում, հաստատվեց Վաղարշապատի բաժնում: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ: Պարունակության վերաբերյալ երիտասարդը հայտնեց, որ մարիխուանա է:
Նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը չորսին, Արմավիրի պարեկները դարձյալ ծառայություն էին իրականացնում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին, երբ ստուգման նպատակով կանգնեցրին մի մեքենա: Սասունցի Դավիթ թաղամասի բնակիչ, 23-ամյա վարորդից բացի մեքենայում էին նաև թաղեցիներ` 30 և 27 տարեկան ընկերները: Պարեկների աչքից չվրիպեց մեքենայի հետնամասում դրված տոպրակը: 27-ամյա երիտասարդը ներկայացրեց տոպրակը և հայտնեց, որը մեջը մարիխուանա է, կանեփն էլ ինքն է քաղել ու պատրաստել` անձամբ օգտագործելու համար:
Երեքն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են Վաղարշապատի բաժին, իսկ մեքենան` պահպանվող հատուկ տարածք:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: