Ստոլտենբերգը խոստացել է շարունակել զենքով օժանդակել Ուկրաինային
ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրներից մեկը դաշինքի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմ թույլ չտալն է։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Ստոլտենբերգին հարց են ուղղել՝ արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվում է երրորդ համաշխարհային պատերազմի։
«ՆԱՏՕ-ն ունի Ուկրաինայի դեմ ագրեսիայի վերաբերյալ երկու հիմնական խնդիր: Մեկն Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է, և մենք դա անում ենք պատերազմի սկզբից, ՆԱՏՕ-ի շատ երկրներ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային նույնիսկ մինչև լայնածավալ ներխուժման սկիզբը։ Մյուս հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, քանի որ դա կբերի ավելի մեծ տառապանքների, մահերի և ավերածությունների», - ասել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը նաև հիշեցրել է դաշինքի բոլոր երկրների դիրքորոշումը, որ «Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռազմական գործողությունների թեժ պահին անհնար է»։
«Բայց, իհարկե, մենք կարող ենք մտածել, թե ինչպես կարելի է Ուկրաինան է՛լ ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին՝ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում: Թե ինչ որոշում կընդունվի գագաթնաժողովին, ավելի ուշ հայտնի կդառնա», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նա նաև խոստացել է շարունակել զենքով օժանդակել Ուկրաինային: