Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Թբիլիսիում ներկա է գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին նվիրված համերգին: Հայտնում են Կառավարությունից:
Միջոցառումը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո։
Համերգին ներկա են եղել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վրաստանի պետական մարմինների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, հասարակական-մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսել է Արամ Խաչատրյանի համաշխարհային համբավի մասին` նշելով վերջինիս դասական դարձած ստեղծագործությունների հեղինակությունը երաժշտագետների և երաժշտասերների շրջանում։
Համերգին հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ: