Քիմ Քարդաշյանը GQ-ի «տարվա տղամարդ» է ճանաչվել. ահա թե ինչու
Քիմ Քարդաշյանը կրկին կոտրել է կարծրատիպերը. մոդել, ներքնազգեստի SKIMS ապրանքանիշի սեփականատեր, ամերիկյան հեռուստաաստղ Քարդաշյանը դարձել է GQ-ի «Տարվա տղամարդիկ» նոր համարի շապիկի գլխավոր հերոսը։ Նա ամսագրին երկար հարցազրույց է տվել, որտեղ անկեղծորեն խոսել է իր հոր հետ հարաբերությունների, երեխաների դաստիարակության և կյանքի դասերի մասին:
Քարդաշյանը, ում տիտղոսների ցանկն արդեն անվերջ է թվում, ձեռք է բերել ևս մեկ տիտղոս՝ GQ ամսագիրը նրան ճանաչել է «տարվա տղամարդկանցից»՝ ավելի ճիշտ՝ 2023 թվականի գլխավոր մագնատ։ Այս ամենը Քիմի ձեռնարկատիրական տաղանդների շնորհիվ է. այսօր նրա հագուստի ապրանքանիշը տարեկան մեկ միլիարդ դոլար է բերում, իսկ հոկտեմբերին SKIMS-ը թողարկեց տղամարդկանց առաջին շարքը: «Ես պարզապես ուզում էի, որ տղամարդիկ իմանային, թե ինչի մասին է այս աղմուկը», - ասում է Քարդաշյանն իր հարցազրույցում:
Նա ոճավորվել է տղամարդկային կերպարով. լուսանկարիչ Ջեք Բրիդգլենդի օբյեկտիվի միջոցով Քարդաշյանը հայտնվել է The Row շալվարով, Brioni վերնաշապիկով և ձեռքերին Cheetos-ի փաթեթով։ Միևնույն ժամանակ, նա խոստովանում է, որ վաղուց հետաքրքրված է տղամարդկանց նորաձևությամբ. նրա համար չափանիշը հայրն էր՝ ծագումով հայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը, ով մահացել է կերակրափողի քաղցկեղից՝ 2003 թվականին։