Փաստաբանները հանդիպում են խնդրել Ֆրանսիայի դեսպանից. կներկայացնեն Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մանրամասները
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանները նամակ են փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։
«Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին։
Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մեր մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին պարոն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին՝ որպես Հայաստանում ֆրանսերենի ու ֆրանսիական մշակույթի տարածման ու հանրահռչակման ուղղությամբ իր ջանքերի գնահատական», - այս մասին Facebook-ում գրել է Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։