Վերմոնտում կրակել են երեք պաղեստինցի ուսանողի վրա
Վերմոնտ նահանգի Բերլինգթոն քաղաքում շաբաթ երեկոյան կրակել են ամերիկյան քոլեջներում սովորող երեք պաղեստինցի ուսանողի վրա, հայտնում է Reuters-ը։
Տուժածները տարբեր ծանրության հրազենային վիրավորումով հոսպիտալացվել են։
Բերլինգթոնի ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանները կրակոցների ձայնին արձագանքել են շաբաթ տեղական ժամանակով երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում և հայտնաբերել վիրավորներին:
Ոստիկանությունը չի պարզել և ձերբակալել կրակողին:
Հրաձգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի և հակասեմական բնույթի միջադեպերի աճի ֆոնին:
Ուսանողները խոսում էին արաբերեն և կրում էին պաղեստինյան ավանդական կեֆֆիեներ, կիրակի օրը հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Արաբա-ամերիկյան հակախտրականության կոմիտեն՝ ԱՄՆ-ում գործող փաստաբանական կազմակերպությունը, կիրակի իր հայտարարության մեջ կոչ է արել նահանգային և դաշնային իրավապահ մարմիններին հետաքննել հրաձգությունը՝ որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն: