Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-18։00, տեղի կունենա «Իմ երևակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ ՀՀ մարզերի, Երևանի և Արցախից տեղահանված շուրջ 39 արհեստագործ վարպետներ կներկայացնեն ձեռագործ աշխատանքներ, որոնք կրում են Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության ազդեցությունը:
Վարպետների պատրաստած արտադրանքը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, հուշամեդալներ, մանրադրամներ, զարդեղեն, հուշանվերային բնույթի իրեր կտրամադրվեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին՝ ցուցասրահում ներկայացվելու համար:
Միջոցառումը կնպաստի մշակութային ժառանգության կենսունակության պահպանմանը և արհեստագործական ներուժի ճանաչելիության բարձրացմանը: Երեք անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան դրամական պարգևներ: Ցուցահանդեսը կտևի մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը։