Գյումրիում կայացել է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի միջոցառում
Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով ՆԳ նախարարության կողմից իրականացվող մարզային այցելությունները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի հերթական կանգառը նոյեմբերի 24-ին, Գյումրիում էր։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Ակցիայի նպատակն է խթանել պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացումը, ինչպես նաև ծառայությունը նոր կադրերով համալրելը։
«Պարեկային ծառայությունը հանրապետության բոլոր մարզերում արդեն իրողություն է, ինչը վկայում է ներքին գործերի համակարգում բարեփոխումների իրականացման դինամիկ ընթացքի և մեր աշխատանքի բովանդակային վերափոխման մասին։ Միևնույն ժամանակ, պարեկային ծառայության կազմավորման ու կայացման ընթացքը շարունակվում է»,- իր խոսքում նշեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարին ներկայացնելով մարզում կին ոստիկանների ներգրավվածությունը՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հպարտությամբ է նշում՝ առաջատարներից են, բայց այդ թիվն ավելացնելու են։
Գյումրու «Վարդանանց» հրապարակում բոլոր ցանկացողների հարցերին պատասխանում էին կին պարեկները։ Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների հայտերի գրանցումը ևս տեղում էր կատարվում։