Փաշինյան. Մեզ վստահեցնում են, որ իրականացվում են շենքերի սեյսմակայունության բոլոր անհրաժեշտ աշխատանքները
Մասնագետները, որոնց հարց եմ տալիս կառուցվող շենքերի սեյսմակայունության մասին, ասում են, որ կոնկրետ աշխատանքներ են տարվում։ Մեզ վստահեցնում են, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքները կատարվում են։ Այս մասին նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի հարցերին։
«Միաժամանակ երբեմն ահազանգեր ենք ստանում, որ որոշ շենքերում անորակ շինարարություն է իրականացվում։ Ես հանձնարարել եմ ամեն ինչ ստուգել»,- հավելել է նա։
Ըստ նրա, ամենակարևորը շինարարության նոր չափորոշիչների ներդրումն է։
Փաշինյանը վստահեցրել է, որ այս բոլոր հարցերը Հայաստանի անվտանգության խորհրդի օրակարգում են։
«Երբ ասում են, որ երկրաշարժի դեպքում այսքան զոհեր կլինեն, դա վերաբերում է բնակարանային հին ֆոնդին, այդ թվում՝ վթարային շենքերը։ Ուստի, կառավարությունը խթանում է բնակարանաշինությունը։ Այսօր Հայաստանում մինչև 60 հազար բնակարան է կառուցվում»,- ընդգծել է նա։