Չորս երիտասարդ հրազենայի վիրավորումով տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբերի 1-ի ժամը 21.47-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են տեղափոխվել 27-ից 29 տարեկան չորս երիտասարդ՝ չորսն էլ Ձորաղբյուր գյուղի բնակիչ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդները հրազենային վիրավորում ստացել էին ժամը 20.00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի 2-րդ փակուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի, Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդների հետ վիճաբանել էին ձորաղբյուրցի՝ 28-ամյա և երևանցի՝ 32-ամյա երկու երիտասարդներ, որի ընթացքում էլ Երևանի Դավիթաշեն թաղամասի 32-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով կրակել և մարմնական վնասվածք էր պատճառել նրանց:
Բացատրական աշխատանքի արդյունքում Դավիթաշեն թաղամասի 32-ամյա բնակիչը նոյեմբերի 23-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ներկայացրել է «Չեզե» տեսակի ատրճանակը: Նա ձերբակալվել է:
Քրեական վարույթը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: