Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր այցելել են «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու նոր ձեռք բերված ֆիզիկաքիմիական լաբորատոր գործիքակազմին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ֆիզիկաքիմիական հետազոտություններ իրականացնող սարքավորումները ձեռք բերելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կենտրոնին հատկացվել է 69 մլն դրամ: Դրանք հնարավորություն կտան առավել գիտականահեն գործունեություն ծավալելու և արդյունավետ դարձնելու արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշխատակազմին նոր լաբորատորիայի գործարկման առիթով՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործունեության համար:
«Դուք շատ կարևոր աշխատանք եք անում, և առաջնային է պատշաճ աշխատանքային պայմանների ապահովումը: Հուսով եմ՝ այս սարքավորումները ձեռք բերելուց հետո ձեր անելիքները զգալիորեն կթեթևանան, և տարբեր ուղղություններով աշխատելու նոր հեռանկարներ կբացվեն: Սա մեկնարկ է՝ զարգանալու, առաջ գնալու և նոր գաղափարներ իրագործելու: Վստահ եմ՝ ձեր կատարած աշխատանքն ավելի որակյալ և արդյունավետ կդառնա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Էսթեր Աբրահամյանի խոսքով՝ տարիներ շարունակ անհրաժեշտ սարքավորումների բացը լրացվել է աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով, ինչը, սակայն, լի էր տարաբնույթ ռիսկերով. այժմ գործիքները կնվազեցնեն ռիսկերը:
«Այս գործիքակազմը հետազոտական նոր լիցք է մեզ համար, որտեղ բնագիտական և հումանիտար ոլորտների հետաքրքիր համագործակցություն կա»,-նշել է Էսթեր Աբրահամյանը:
Կենտրոնի փորձագետները ներկայացրել են սարքավորումների գործառական նշանակությունը, դրանց առավելություններն ու աշխատանքային սկզբունքները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը և նրա տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նաև ծանոթացել են կենտրոնի պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով, նախանշել դրանց լուծման ճանապարհները: