Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև քառօրյա զինադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 24-ի առավոտյան
Նոյեմբերի 24-ի ժամը 7:00-ից ուժի մեջ է մտնում իսրայելական բանակի և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։
Դրա շրջանակներում օրական Գազայի հատված կմտնի 200 մարդասիրական բեռնատար և չորսը՝ վառելիքով ու կենցաղային գազով։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի հետ պայմանավորվել է անկլավի հարավային մասում չորս օրով, իսկ հյուսիսային մասում վեց ժամով՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն ամբողջությամբ դադարեցնել իր ավիացիոն թռիչքները:
Երկու օր առաջ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ ձեռք բերեցին առաջին լայնածավալ պայմանավորվածությունը հոկտեմբերի 7-ին հակամարտությունը սրվելուց հետո. նրանք պայմանավորվեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ փոխանակելու միմյանց հետ տասնյակ պատանդների և կալանավորների։
Հաղորդվում էր, որ 13 հոգուց բաղկացած իսրայելցի պատանդների առաջին խմբաքանակը կհանձնվի այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում։ Ընդհանուր առմամբ, սպասվում է փոխանակում «մեկը երեքի» բանաձևով՝ 50 իսրայելցի պատանդ 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ը սպառնացել է, որ իր գումարտակները կմնան «լիակատար մարտական պատրաստության մեջ՝ պաշտպանելու Պաղեստինի ժողովրդին և դիմակայելու օկուպացիային», չնայած զինադադարի համաձայնագրին։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքով՝ Գազայի հատվածում հրադադարը կլինի «կարճ դադար», որին կհետևեն ինտենսիվ մարտեր առնվազն ևս երկու ամիս։