Հայ խորհրդարանականները ՀԱՊԿ ԽՎ-ում նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել
Տեսակոնֆերանսի ձեւաչափով նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ համատեղ նիստը, որի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովից՝ օրակարգային` ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարությունները՝ կապված Կանադայի խորհրդարանում ««Գալիսիայի» ՍՍ դիվիզիայի նացիստին արդարացնելու եւ խրախուսելու փորձի հետ» հարցին հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել: Արմեն խաչատրյանը պարզաբանել է, որ Կանադայի խորհրդարանի խոսնակը, ընդունելով իր սխալը, ներողություն է խնդրել եւ հրաժարական տվել: Կանադայի խորհրդարանը վերահաստատել է իր քննադատությունը՝ նացիզմի եւ դրա հետ կապվող դրսեւորումներին:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ Կանադան Հայաստանի բարեկամ երկիր է եւ տարածաշրջանում միակ դեսպանությունն այստեղ է բացել: Նա նաեւ հավելել է, որ Կանադան համարժեք է արձագանքել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին:
Հայ խորհրդարանականները նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել, որը կքննարկվի ՀԱՊԿ ԽՎ համապատասխան հանձնաժողովում:
Օրակարգի երկրորդ՝ «ՀԱՊԿ ԽՎ հայտարարությունը սպառված ուրանի զինամթերքի օգտագործման հնարավոր հետեւանքների վերաբերյալ» հարցի առնչությամբ նշվել է, որ խնդիրը կարգավորված է ՄԱԿ-ի համապատասխան ակտերով, եւ դրան անդրադառնալը նպատակահարմար չէ: