Գերմանիան Լիտվա կտեղափոխի 4800 զինվորականի և անձնակազմի 200 անդամի
Գերմանիան երկարաժամկետ տեղակայման համար Լիտվա կտեղափոխի Բունդեսվերի բրիգադ, որը կներառի 4800 զինվորականի։ Կուղարկվի նաև քաղաքացիական անձնակազմի 200 անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Žinių iniuradijas ռադիոկայանի եթերում հայտնել է Լիտվայում Գերմանիայի նորանշանակ դեսպան Կոռնելիուս Ցիմերմանը։
«Կարող եմ տեղեկացնել, որ մենք նախատեսում ենք բրիգադի կազմում Լիտվա ուղարկել մոտ 4800 զինծառայողի, ինչպես նաև անհրաժեշտ քաղաքացիական անձնակազմի 200 անդամի։ Ցավոք, պետք է ենթադրենք, որ մեր զինվորներն այստեղ չեն մնա միայն մի քանի տարով։ Կարծում եմ՝ սա երկարաժամկետ ներդրում է», - ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ Բունդեսվերի զինվորականների տեղափոխումը տեղի կունենա աստիճանաբար։
«Ավելի խելամիտ է Լիտվայում Բունդեսվերի զորակազմի քայլ առ քայլ մեծացումը»,- նշել է նա։
Ցիմերմանն ընդգծել է, որ այս գործընթացի կայունության համար կարևորագույն նշանակություն ունի ջանքերի սերտ համակարգումը:
Ավելի վաղ Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի դեկտեմբերին կհաստատվի դաշնակիցների բրիգադի տեղակայման մանրամասն աշխատանքային պլանը, իսկ 2024 թվականի երկրորդ կեսին նախատեսվում է ստորագրել Լիտվայում դրա տեղակայման շուրջ միջկառավարական համաձայնագիրը։ Ստորաբաժանումների աստիճանական ժամանումը կսկսվի 2024 թվականին, սակայն բրիգադն ամբողջական կազմով կտեղակայվի մինչև 2027 թվականը: