Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 8 պատմամշակութային օբյեկտներ
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը, որի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան): Առաջինին տրվել է տեղական նշանակության հուշարձանի, իսկ երկրորդին՝ դրա ենթահուշարձանի կարգավիճակ:
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Վարպետ Մեհրաբի» բնակելի տունը (1950 թ.): Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի «Լեռնագոգ 1» բնակատեղին (Ք. ա. VIII հազ. վերջ- VII հազ. I քառորդ), Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ 1» քարայր-կացարանը (միջին պալեոլիթ, նեոլիթ, բրոնզե դար), նույն մարզի Լանջանիստ գյուղի 2 խաչքար (IX-X դդ. և XIV-XV դդ) և Ուրցաձոր գյուղի մեկ խաչքար (XIII-XIV դդ), որն ագուցված է ամրոց «Տափի բերդ»-ի (պետ. ցուցիչ՝ 3.95.2) հյուսիս-արևելյան աշտարակի պատին:
Քննարկվել են նաև հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ 35 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Ըստ սահմանված կարգի՝ դրանք կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից: