Ֆինլանդիայում հավանություն են տվել ՌԴ-ի հետ սահմանին տեղաշարժի սահմանափակումները խստացնելու նախագծին
Ֆինլանդիայի կառավարության արդարադատության կանցլերի տեղակալ Միկկո Պումալայնենը, ով իրավական գնահատական է տվել երկրի կառավարության օրենսդրական առաջարկներին՝ խստացնելու սահմանափակումները Ռուսաստանի հետ սահմանին, հավանություն է տվել դրանց և առաջարկները փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆիննական խոշորագույն «Helsingin Sanomat» պարբերականին։
Ըստ աղբյուրի՝ արդարադատության կանցլերի տեղակալը գնահատել է ներկայացված որոշման նախագիծը և համապատասխան հուշագրի նախագիծը օրինականության տեսանկյունից․ դատելով փաստաթղթերից՝ իրավական խոչընդոտներ չկան դրա հետագա նախապատրաստման համար։
Ավելի վաղ, Ֆինլանդիայի նախարարների կաբինետը հայտարարել էր, որ միգրացիայի հետ կապված իրավիճակի վատթարացման և Ռուսաստանի հետ սահման փախստականների անվերահսկելի ժամանումների պատճառով որոշվել է նոյեմբերի 18-ից ամբողջությամբ փակել երկրի հարավ-արևելքի անցակետերը, որոնք ամենամոտն են Սանկտ Պետերբուրգին։