ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այլևս տեղ չունի Ադրբեջանում. Հիքմեթ Հաջիև
Դիմակները պատռված են, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այլևս տեղ չունի Ադրբեջանում՝ այդպես է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի շարունակական աջակցությանը Հայաստանին:
Հաջիևը մեղադրել է Միացյալ Նահանգներին 30 տարվա ընթացքում Հայաստանի կողքին կանգնելու և Ադրբեջանին չաջակցելու համար:
«Երբ Փաուերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչն էր, երբեք չի համարձակվել բարձրացնել ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների հարցը»,- հայտարարել է Հաջիևը: Նա մեղադրել է Սամանտա Փաուերին ադրբեջանատյացության, թրքատյացության, քաղաքական կոռուպցիայի և շահարկումների համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն էլ անհիմն է որակել Փաուերի խոսքն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը ստիպված են եղել լքել հայրենիքը և մեծ փորձությունների միջով են անցել՝ մինչև Հայաստան հասնելը: Նա պնդել է՝ ԼՂ հայ բնակիչների միգրացիան բռնի վերաբնակեցում անվանելն անարդար է։