Մենք ներողություն խնդրեցինք երեկվա համար, բայց դուք ձեր հայհոյանքների համար՝ ոչ. Փամբուխչյանը՝ ընդդիմադիրներին
Բոլսրս ներկա ենք եղել եւ տեսել ենք, թե որտեղից է առաջացել սադրանքը. Ձեր խմբակցությունը մեկ ամիս շարունակ բացակայելով քաղաքապետարանի առօրյայից, ավագանու աշխատանքներին ձեր մասնակցության առաջին իսկ օրը տեղի ունեցավ այդ սադրանքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին Երեւանի ավագանու այսօրվա նիստում ելույթ ունենալով հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» խմբակցությանը:
«Ես այդ գնահատականը տվել եմ և կարծում եմ, որ դրանք ճիշտ են, որովհետև, եթե կա սադրանք, կա նաեւ հավանականություն, որ կլինեն սադրվողներ: Ցավոք սրտի, մեր թիմակիցներից են այդ սադրանքին տրվել եւ դրա համար մենք ընդհանուր ներողություն ենք խնդրում, այդ թվում մեր թիմակիցների համար»,-ասաց նա՝ անդրադառնալով նախօրեին իր ֆեյսբուքյան գրառմանը:
Դիմելով մինչ իր ելույթն ամբիոնին մոտեցած «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ Փամբուխչյանը նշեց, որ «Մայր Հայաստանը» ներողություն չխնդրեց իրենց անդամների գործողությունների ու հայհոյանքների համար:
«Այդուհանդերձ, ես ուզում եմ նշել, որ մենք պատրաստակամ ենք համերաշխ գործընկերային աշխատելու: Երեկ մեր կոալիցիոն գործընկերների հետ լուռ մեր տեղերում նստած լսել ենք տարբեր սադրանքները և այսօր էլ մենք լուռ լսեցինք ձեր քննադատությունը, բայց այն որևէ մեկին իրավունք չի տալիս, որ կարողանա որոշակի միջոցների դիմել՝ բառապաշարի առումով: Եթե կա սադրանք, պետք է պատրաստ լինել, որ սադրվողները կկարողանան որոշակի գործողություններ անել»,-հայտարարեց Արմեն Փամբուխչյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց: Մասնավորապես, Անի Խաչատրյանը քաշեց Սոնա Աղեկյանի մազերից:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:
Արդեն այսօր Ավինյանը նկատողություն տվեց ավագանու երեք կին անդամներին՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին եւ Անի Խաչատրյանին: