Տիգրան Ավինյանը զգուշացում տվեց երեկվա միջադեպի 3 մասնակիցներին
Երևանի ավագանու նիստին քաղաքապետ Տիգրան Ավիանյանն անդրադարձավ երեկվա միջադեպին։
Նա շեշտեց, որ ցանկացած բռնություն մերժելի է և անընդունելի ,և ամեն ինչ պետք անել, որ բռնության որևէ դրսևորում չպետք է տեղի ունենա թե՛ ավագանու նիստում, թե՛ նիստից դուրս։
«Երեկվա նման իրադարձությունները կանխելու համար անձամբ ես չեմ նայելու՝ որ խմբակցության ավագանին է. բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու»,- ասաց քաղաքապետը։
Ավինյանն իր լիազորությունների շրջանում երեկվա մասնակիցներից երեքին զգուշացում տվեց՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին
«Խնդրում եմ, հարգելի՛ գործընկերներ, գնատահել այն հետևանքները, որ հնչած խոսքից կարող է ունենալ։ Խոսքը եթե պարունակում է բռնություն, ինչ-որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության»,-հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում վիճաբանություն սկսվեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև, որը վերածվեց թեժ կռվի:
Անի Խաչատրյանը Սոնա Աղեկյանին «կոյուղաջրերի թագուհի» անվանեց՝ ակնարկելով տարիներ առաջ Սոնա Աղեկյանի կողմից նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությամբ լցված կոյուղաջրի պատմությունը, ինչից հետո սկսվեց քաշքշուկ ավագանու անդամների միջև: