Հարկավոր է կանխել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության ընդլայնումը. Պուտին
Գազայի հատվածում հումանիտար աղետը՝ հազարավոր մարդկանց մահը, խաղաղ բնակչության զանգվածային արտաքսումը մտահոգություն է առաջացնում: Այդ մասին BRICS-ի արտահերթ առցանց գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հորդորել է մեկտեղել միջազգային հանրության ջանքերը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելու համար։
Կրեմլի ղեկավարը նշել է, որ Գազայի հատվածում պետք է հրադադար հաստատվի, միաժամանակ ողջունել է գերիների վերադարձի և խաղաղ բնակիչներին ռազմական գոտիներից տարհանելու նպատակով մարդասիրական կարճաժամկետ դադարներ հայտարարելու ՄԱԿ-ի կոչերը։ Նա շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին Գազայի հատվածից Ռուսաստանի քաղաքացիներին դուրս բերելու հարցում օգնության համար։
Նա նաև հավելել է, թե հակամարտությունը միանձնյա լուծելու ԱՄՆ-ի փորձերն անկենսունակ են: «Հարկավոր է կանխել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության ընդլայնումը»,- ընդգծել է Պուտինը։