Թույլ չենք տալու, որ որևէ ուժ փորձի խաթարել Երևանի ավագանու և քաղաքապետարանի բնականոն աշխատանքը․ Արմեն Փամբուխչյան
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում։ Փոխադարձ վիրավորանքները, անհանդուրժողականությունը պատիվ չի բերում ավագանու անդամի կարգավիճակին։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների անհավասարակշիռ վարքագծի և սադրանքի արդյունքում, ինչը ևս դատապարտելի է։ Ցավում եմ, որ տուրք տվեցինք այդ սադրանքին, ինչի համար էլ ներողություն եմ խնդրում երևանցիներից։
Ուզում եմ հատուկ նշել, որ երևանցու շահը մեզ համար առաջնային է, ուստի թույլ չենք տալու, որ որևէ ուժ փորձի խաթարել Երևանի ավագանու և քաղաքապետարանի բնականոն աշխատանքը»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև։ Ավագանու անդամների միջև վեճ է բռնկվել, իսկ ավելի ուշ նրանք հարվածել են միմյանց։