Եվրոպական խորհրդի ղեկավար Միշելը և Մոլդովայի նախագահ Սանդուն ժամանել են Ուկրաինա, որտեղ նշում են «Եվրամայդանի» 10-ամյակը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինա, որտեղ նշվում է «Եվրամայդանի» 10-ամյակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 21-ին Կիև են ժամանել նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
«Լավ է վերադառնալ Կիև՝ ընկերների մոտ», - գրել է Միշելը X սոցիալական հարթակում` հրապարակելով լուսանկար Կիևի երկաթգծային կայարանից, որտեղ սեղմում է Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովայի ձեռքը։
Միշելի այցը Կիև տեղի է ունենում ԵՄ-ում Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին քննարկումներից մի քանի շաբաթ առաջ։ Ակնկալվում է Շառլ Միշելի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպում։
Իսկ Մայա Սանդուն Վլադիմիր Զելենսկիի և նրա տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 2014 թ․ հեղափոխության ժամանակ զոհված ավելի քան 100 ցուցարարների հիշատակին և համապատասխան տեսանյութ է հրապարակել X սոցիալական հարթակում։
«Մեր օրակարգում են ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության հետագա քայլերի քննարկումը, տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը և ԵՄ շարունակական աջակցությունը մեր երկրներում բարեփոխումներին և զարգացմանը», - գրել է Սանդուն X-ում:
Today marks 10 years since the start of Euromaidan, a defining moment for Ukraine’s European path.
— Maia Sandu (@sandumaiamd) November 21, 2023
Together with @ZelenskyyUa and @ZelenskaUA, I honoured all those who stood for freedom and those who made the ultimate sacrifice.
Their legacy lives on. pic.twitter.com/2cti4oFGR2
Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հանձնարարել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ։
«Եվրամայդանի» 10-ամյակի կապակցությամբ Զելենսկին տեսաուղերձ է հղել ժողովրդին՝ խոսելով Եվրամիությանը միանալու Կիևի ձգտումների մասին և ասելով, որ 20 տարի առաջ այդ ձգտումները «ռոմանտիկ երազանք էին», իսկ հիմա իրականություն են դառնում։
2021 թ․ նոյեմբերի 21-ին Կիևի կենտրոնում սկսվեց զանգվածային ցույց, որին նախորդել էր Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիր կնքելու նախապատրաստական աշխատանքների դադարեցումը։ Այնուհետև բողոքի ակցիաները զանգվածային բնույթ ստացան, իսկ 2014 թ․ փետրվարին Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունեցավ։