Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ Սենատի բանաձևն Ադրբեջանին ռազմական օգնությունը կասեցնելու մասին
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին, որով առաջարկվում է կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը։
«Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Սենատն ընդունեց բանաձև, որն առաջարկում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992թ «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից օգտվել, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Օրինագիծը հիշատակվում է որպես «Հայկական պաշտպանության 2023թ ակտ»:
ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը մեծ կարևորություն ունի նաև մեզ համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի աննախադեպ սպառազինությունը պարտադիր կերպով հանգեցնում է էթնիկ զտման։ 2023թ սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հաշված օրերի ընթացքում մահվան սպառնալիքի տակ 10 ամսից ավել սովամահության մատնված ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայեր լքեցին իրենց բնօրրանը։ Սա, անշուշտ, հետևանք էր ինչպես Ադրբեջանի ռասիստական հակահայկական քաղաքականության ու անթույլատրելի սպառազինության, այնպես էլ միջազգային անհամարժեք արձագանքի։
Մենք՝ որպես Ադրբեջանի ռասիստական հակահայկական քաղաքականության ու բռնապետական վարչակարգի բոլոր դաժանությունները վերապրածներ, ողջունում ենք ԱՄՆ Սենատի կողմից նման բանաձևի ընդունումը։ Մենք ձգտում ենք հասնել տասնամյակներ շարունակ մեր ոտնահարված իրավունքների վերականգնմանը, ինչը էապես կարող է նպաստել մեր տարածաշրջանի ժողովրդավարացման գործընթացին։ Մինչդեռ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը հրամայական է դարձնում Ադրբեջանի դեմ կտրուկ միջոցների անհրաժեշտությունը»,- ասված է Միության տարածած հայտարարության մեջ։