Գազայի հատվածում ավելի քան 2 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի. ՄԱԿ
Գազայի հատվածում առնվազն 2,2 միլիոն մարդ պարենային հրատապ օգնության կարիք ունի։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):
«Գոյություն ունեցող սննդի համակարգերը վերանում են: Կարիքավորներին օգնելու համար ՊՀԾ-ին և մեր գործընկերներին անհրաժեշտ են ավելի լավ հասանելիություն և ռեսուրսներ, ինչպիսիք են վառելիքը, գազը և կապը», - գրել է կազմակերպությունը X սոցիալական հարթակում:
ՊՀԾ-ի գնահատումներով՝ պարենային և դրամական օգնություն է տրամադրվել ավելի քան 700 հազար պաղեստինցիների Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին։ Ավելի վաղ կազմակերպությունն ուշադրություն էր հրավիրել այն բանի վրա, որ հակամարտության սկզբից ի վեր Գազա է մտնում անհրաժեշտ պարենի ընդամենը 10%-ը:
Տարածաշրջանում իրավիճակը սրվել է հոկտեմբերի 7-ից, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում կա առնվազն 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են։