Արաբական լիգայի և ԻՀԿ-ի երկրների արտգործնախարարները ժամանել են Մոսկվա՝ քննարկելու իրադրությունը Գազայում
Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարը ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկելու Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից։
Հանդիպմանը մեկնաբանելով իրավիճակը պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը դեմ է ահաբեկչությանը ցանկացած ձևով, սակայն դրա դեմ պետք է պայքարել՝ չխախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ սկսել պաղեստինյան պետության ստեղծման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստական աշխատանքները։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ անհրաժեշտ է ոչ միայն չանտեսել ռազմավարական բնույթի հարցերը, այլև հենց հիմա սկսել պայմաններ ստեղծել դրանց լուծման համար։ Նկատի ունեմ առաջին հերթին խաղաղ գործընթացի վերսկսման նախապատրաստումը միջազգայնորեն ճանաչված հիմքի վրա, որը հաստատվել է ՄԱԿ-ի շրջանակներում, 2002 թվականի Արաբական խաղաղության նախաձեռնության շրջանակներում, որն առաջ է քաշվել Սաուդյան Արաբիայի թագավորի կողմից, որին աջակցել են Արաբական լիգայի բոլոր անդամները և ԻՀԿ-ի բոլոր անդամները, և որը նախատեսում է 1967 թվականի սահմաններում անկախ, ամբողջական, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հանդիպմանը Լավրով հատկապես ընդգծել է, որ Գազայի հատվածում հումանիտար հետևանքներն աղետալի են, իսկ այնտեղ մտնող մարդասիրական օգնության ծավալն անբավարար է: