Բանակցությունները բնակիչների հետ չեն կարող անվերջ լինել. Ավինյանը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին
Սեյսմիկ ուսումնասիրություններ են արվում Արցախի 8/2, 8/3 շենքերում. Քննարկման փուլում է Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Նախորդ շաբաթ մենք հանձնեցինք բնակարանների գնման վկայականներ Արցախի նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին: Սա իրապես շատ կարևոր ծրագիր է, չնայած Երևան քաղաքը փաստացի պարտավորություն չունի: Այնուամենայնիվ, երևանցիների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի ծրագիրը սկսել էինք Արցախի պողոտայից շուտ:
Այս քննարկումներն ու բանակցությունները բնակիչների հետ չեն կարող անվերջ լինել: Պայմանները, որոնք առաջարկվում են, էականորեն բարելավվող են: Եթե խնդիր ունենք և բնակիչները չեն համաձայնում, եկեք անցնենք մյուս 4-րդ կարգի վթարային շենքերին, որտեղ բնակիչներն ուզում են իրենց խնդիրն ավելի շուտ լուծել»,-նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: