Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հերքում են հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության մասին լուրերը
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հերքում են այն լուրերը, թե կողմերը նոյեմբերի 19-ին համաձայնության են եկել հրադադարի և Գազայի հատվածում պահվող մի շարք պատանդների ազատ արձակման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։
Ըստ հրապարակման՝ իսրայելցի մի բարձրաստիճան աղբյուր և ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան մի անդամ հերքել են հորդանանյան al-Ghad թերթի հրապարակումը, համաձայն որի Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը նոյեմբերի 19-ին, իբր, համաձայնագիր են կնքել, որը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 20-ին։
Պարբերականը, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրին, նշել էր, թե ըստ ձեռք բերված գործարքի՝ 5 օրով հրադադարի ռեժիմ կհայտարարվի, իսկ 50 իսրայելցի պատանդների կփոխանակեն Իսրայելում ազատազրկված 50 պաղեստինցի բանտարկյալների հետ:
«Այս պահին մենք ոչինչ չունենք», - հայտնել է իսրայելցի աղբյուրը The Jerusalem Post-ին։
Տարածված լուրերը հերքել է նաև ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամ Իզզաթ ար Ռիշեքը։
«Լրատվամիջոցներում հրապարակված հաղորդումները՝ ՀԱՄԱՍ-ի աղբյուրների վկայակոչմամբ, թե փոխանակումը տեղի կունենա այսօր (խմբ․՝ նոյեմբերի 20-ին), չեն համապատասխանում իրականությանը», - հայտարարել է նա նոյեմբերի լույս 20-ի գիշերը: