Երևանում 1 շաբաթում վարչական իրավախախտման 65 դեպք է հայտնաբերվել. 7 ինքնակամ շինություն է քանդվել
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է 65 վարչական իրավախախտման դեպք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
Նրա խոսքով` կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակները կազմակերպված չլինելու վերաբերյալ 13 արձանագրություն է կազմվել։ Առանց համապատասխան քաղաքաշինական թղթերի ինքնակամ շինությունների իրականացման 8 դեպք է հայտնաբերվել։ Շենքերը և շինությունները ոչ նպատակային նշանակության օգտագործման համար 15 արձանագրություն է կազմվել։ 1 դեպք է հայտնաբերվել ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու վերաբերյալ։
«Ներկայում իրականացվում են 28 վարչական իրավախախտման փաստերի վերաբերյալ համապատասխան վարչարարություններ, որոնք հիմնականում վերաբերում են լռության կանոնները խախտելուն և առևտրային օբյեկտները ժամը 24։00–ից հետո առանց համապատասխան թույլտվության աշխատեցնելուն»,–ասաց նա։
Իրավախախտումների վերաբերյալ հիմքեր են ձեռք բերվել ծառայության աշխատակիցների կողմից գիշերային ժամերին կազմակերպված շրջայցերի արդյունքում։
Տվյալ ժամանակահատվածում կազմակերպվել և իրականացվել են թվով 7 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, որոնցից 6–ը` ծառայության նախաձեռնությամբ, 1–ը` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության հետ համատեղ։