Արցախում ինքնաձիգով զինված տղամարդը մտել էր ՃՈ կենտրոն և կրակել․ ոստիկանության մայորը մահացել է
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2022 թվականի ապրիլի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի բնակիչ Սերգո Շ.-ն «ԱԿՍ-74» տիպի ինքնաձիգով մտել է Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ ծառայություն և սկսել կրակոցներ արձակել տեղում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում նաև օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Սերգո Շ.-ի կրակոցների հետևանքով ոստիկանության 40-ամյա մայորը հրազենային վնասվածքներից մահացել է:
Ֆոտոլրագրողի Գագիկ Շամշյանի տեղեկություններով, դեպքի փաստով ոստիկանները նաև հայտնաբերել են ականատես վկային, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում, իսկ դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնվելու և նախաքննություն իրականացնելու ուղղությամբ, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք ավտոմատը և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։