Հրանտ Դինքին սպանողին նոր մեղադրանք է առաջադրվել
Հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախաձեռնող Օգյուն Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Anadolu-ն։
Թուրքական դատախազությունը նրա համար 7,5-ից 12 տարվա ազատազրկում է պահանջել «առանց անդամ լինելու, զինված ահաբեկչական կազմակերպության անունից հանցանք կատարելու» մեղադրանքով։
Ավելի վաղ Սամասթը պայմանական վաղաժամկետ կարգով ազատ էր արձակվել։
Հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր 52-ամյա Դինքը 2007 թվականի հունվարի 19-ին գնդակահարվել էր Ստամբուլի կենտրոնում գտնվող թերթի խմբագրության շենքի մոտ։17-ամյա Սամասթը ձերբակալվել էր հաջորդ օրը։
16 տարի 10 ամիս պատիժ կրելուց հետո Սամասթը ազատ է արձակվել Թուրքիայի արևմտյան Բոլու նահանգի F տիպի բանտից։
Հունիսին Թուրքիայի Գերագույն վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց որոշ արդարացման դատավճիռներ, միաժամանակ փոխելով Դինքի սպանության գործով 76 մեղադրյալների՝ հիմնականում պետական պաշտոնյաների, դատավճիռները։
Ստամբուլի 14-րդ բարձր քրեական դատարանի կողմից 2021 թվականի մարտի 26-ին կայացված դատավճիռը ներառում էր 33 արդարացման և 27 մեղադրական դատավճիռ։
Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին տնօրեն Էնգին Դինչը. Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշատ Ալթայը և Ստամբուլի հետախուզական վարչության նախկին տնօրեն Ահմեդ Իլհան Գյուլերը արդարացվել են «անզգուշորեն սպանության» մեղադրանքով։
Նախկին ոստիկանապետեր Ռամազան Աքյուրեքը և Ալի Ֆուաթ Յըլմազերը դատապարտվել են ցմահ ազատազրկման «կանխամտածված սպանության» համար, իսկ չորս մեղադրյալներ, այդ թվում՝ ժանդարմերիայի նախկին աշխատակիցներ Մուհարեմ Դեմիրքալեն և Յավուզ Կարակայան, նույնպես ցմահ ազատազրկման են դատապարտվել։
Սամասթը խոստովանել է սպանությունը և 2011 թվականին դատապարտվել գրեթե 23 տարվա ազատազրկման։