Առնվազն 32 մարդ է զոհվել Սուդանի և Հարավային Սուդանի հավակնած տարածքում մարտերի հետևանքով
Առնվազն 32 մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահը, սպանվել են կիրակի օրվա ծանր մարտերի ընթացքում վիճելի Աբյեյի վարչական շրջանում, որին հավակնում են և՛ Սուդանը, և՛ Հարավային Սուդանը, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ քաղաքացիական անձինք և խաղաղապահ ուժերում ծառայող գանացի զինվորը զոհվել են, երբ անհայտ զինված անձինք հարձակվել են հարավային Աբյեյի երկու գյուղերի վրա:
Հարավային Սուդանի Eye Radio Juba-ն, վկայակոչելով Աբյեյի տեղեկատվության նախարար Բոլիս Կուոչին, հաղորդում է, որ զոհվել է 32 մարդ, ևս 20-ը վիրավորվել են, «սակայն այժմ բախումները դադարեցվել են, և իրավիճակը հանդարտվել է»։
Միջհամայնքային և միջսահմանային բախումները սրվել են այն բանից հետո, երբ Հարավային Սուդանը մարտին զորքեր մտցրեց վիճելի տարածք:
Միջազգային զորքերը տեղակայվել են Ալիլ և Ռամ Ամիր շրջաններում՝ որպես Աբյեյի համար ՄԱԿ-ի ժամանակավոր անվտանգության ուժերի մաս՝ օգնելու զսպել աճող հակամարտությունը:
Անվտանգության խորհուրդն անցած շաբաթ միաձայն քվեարկեց UNIFSA առաքելության մանդատը մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը երկարաձգելու մասին:
ՄԱԿ-ի տվյալներով, ապրիլի կեսերից բռնկված հակամարտության սկզբից ավելի քան 9000 մարդ է սպանվել, ինչը հանգեցրել է միլիոնավոր մարդկանց վերաբնակեցմանը Սուդանի ներսում և հարևան երկրներում:
Սուդանը և Հարավային Սուդանը տարաձայնություններ ունեն նավթով հարուստ Աբյեյի շրջանի վերահսկողության հարցում այն բանից հետո, երբ Հարավային Սուդանը անկախացավ Սուդանից 2005 թվականի խաղաղության համաձայնագրից հետո, որը վերջ դրեց Սուդանի հյուսիսի և հարավի միջև տասնամյակների քաղաքացիական պատերազմին: