Համաշխարհային բանկ. Ապացույցներ կան, որ կոռուպցիան հակամարտությունների շարժիչ ուժ է
Ի՞նչն է, ամենայն հավանականությամբ, հանգեցնում տնտեսական և սոցիալական բարեփոխումների ձախողմանը: Կարծում եմ՝ դահլիճում ներկա բոլոր մարդիկ թերևս րեն զարմանա՝ լսելով, որ հիմնական պատճառը կոռուպցիան է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի փոխնախագահի բարեխղճության բաժնի կանխարգելման, ռիսկերի գիտելիքների հարցով մենեջեր Ալեքսանդրա Հաբերշոնը։
Ըստ Հաբերշոնի, մենք սովորաբար կոռուպցիան կապում ենք ֆինանսական ծախսերի հետ, բայց պարզ է, որ դա միայն ֆինանսական ծախսերը չէ. կոռուպցիան խաթարում է զարգացման ոլորտի գլխավոր նպատակները և կրթության, առողջապահության և մարդկային կապիտալի բոլոր ասպեկտների արդյունքները:
«Եվ ես կարծում եմ, որ այսօր Համաշխարհային բանկը կարևոր ուշադրություն է դարձնում նրան, որ դա կխաթարի մեր արձագանքը կլիմայի փոփոխությանը և կխորացնի հակամարտությունները», - ասել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։
Այնուհետև Ալեքսանդրա Հաբերշոնը ներկայացրել է այն աշխատանքը, որը Համաշխարհային բանկը կատարում է կոռուպցիայի և հակամարտությունների համատեքստում։
Նա ասել է, որ այժմ ապացույցներ կան, որ կոռուպցիան հակամարտությունների շարժիչ ուժ է և կարող է խորացնել անկայունությունը:
«Ինչպե՞ս է այս կոռուպցիան հանգեցնում հակամարտությունների։ Այն խաթարում է հիմնարկների՝ հիմնական ծառայություններ ներկայացնելու, ցնցումներին արձագանքելու, ցնցումները հաղթահարելու և անվտանգություն ապահովելու կարողությունը: Արդյունքում, կոռուպցիան խաթարում է նաև այն ընկալումը, որ կառավարությունները հավասարապես և ներառականորեն ծառայում են բոլոր համայնքներին և խմբերին, և դրանով իսկ խաթարում է վստահությունը ինստիտուտների նկատմամբ: Ուստի կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի խաղաղության հաստատման և վերականգնման ջանքերի հիմքում»,- ասել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը։
Ըստ նրա, հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում հակամարտությունները վկայում են, որ կայունության և խաղաղ կարգավորման կարճաժամկետ շեշտադրումը կարող է հաշվի չառնել կոռուպցիայի հետ կապված ռիսկերը:
«Հաճախ դա փոխզիջում է, որը երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի թանկ կարժենա: Դրանք կարող են երկարաձգել հակամարտությունները և երկարաժամկետ հեռանկարում խարխլել ինստիտուտներն ու պետական շինարարությունը»,- ընդգծել է Հաբերշոնը:
Ընդ որում, նա նշել է, որ հակակոռուպցիոն բարեփոխումների հաջորդականությունն ու առաջնահերթությունը տատանվում է՝ կախված երկրից և իրավիճակից։
«Դա իսկապես մեծապես կախված է տեղական համատեքստից, բայց կան բազմաթիվ գործիքներ», - ասել է Հաբերշոնը՝ հավելելով, որ հարցն այն է, թե որ գործիքներն օգտագործել յուրաքանչյուր առանձին դեպքում: