Քանյե Ուեսթի նոր երգը հերթական սկանդալի պատճառ է դարձել
Քանյե Ուեսթը, ում կարիերան դժվարին փուլ է ապրում սոցիալական ցանցերում մի շարք անտիսեմական մեկնաբանությունների եւ գրառումների պատճառով, վերադարձել է նոր երգով, որի բառերը, անշուշտ, ավելի մեծ հակասություններ կառաջացնեն:
Չիկագոյի Power 92 ռադիոկայանի ուշ երեկոյան շոուի ժամանակ DJ Pharris-ը ներկայացրել է նոր՝ «Vultures» երգը: Բացի Քանյեից, թրեքում ներառված են Ty Dolla Sign-ը եւ Lil Durk-ը:
Իր վիճահարույց մեկնաբանություններին Ուեսթը պատասխանել է թեժ բառերով։ Երգում նա նաեւ կշտամբում է իր նախկին մենեջեր Սքուտեր Բրաունին:
Ուեսթի կարիերան ամբողջությամբ խափանվեց այն բանից հետո, երբ դեկտեմբերին Ալեքս Ջոնսի Infowars թոք շոուում նա արտառոց ելույթ ունեցավ, որտեղ գովում էր Հիտլերին եւ հակասեմական կատակներ անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին: Այդ մեկնաբանությունների պատճառով նրան զրկեցին Twitter-ից, Adidas-ը խզեց նրա հետ պայմանագիրը, CAA-ն հրաժարվեց նրանից, իսկ MRC-ն չեղարկեց նրա մասին վավերագրական ֆիլմի նախագիծը: Անցած տարի՝ հոկտեմբերին, Ուեսթն ասաց, որ իր մեկնաբանությունների պատճառով մեկ օրում կորցրել է 2 միլիարդ դոլար: