Կամավոր զենք-զինամթերքներ են հանձնվել
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրաբեր գյուղի ճանապարհի կիսակառույց շինությունում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ակոսափող հրազեն, «Կալաշնիկովի» 3 ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ, «Մակարովի» նմանվող 3 ատրճանակ, որսորդական հրացան, «Կալաշնիկովի» ինքնաձիգի 5 փամփշտատուփ, որոնցից մեկը լիցքավորված էր տարբեր տրամաչափի փամփուշտներով, 4 նռնակի պայթուցիչ, պայթուցիչով և առանց պայթուցիչի 2 նռնակ և 5,45 տրամաչափի 1080 փամփուշտ։
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Խնձորեսկ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» 12 ինքնաձիգ, 26 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 780 փամփուշտով, 22 դատարկ պահունակ, 12-ական գոտեպայուսակ, զրահաբաճկոն և սաղավարտ։
Ներքին Խնձորեսկ գյուղի մի բնակիչ Գորիսի բաժին է բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 1967 թվականի արտադրության ինքնաձիգ, 4 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 120 փամփուշտով և ռազմամթերք՝ շնորհիվ ծառայողների իրականացրած միջոցառումների։
Ոստիկանության Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կարաբին» տեսակի հրացանի, Ֆ-1 տեսակի պայթուցիչներով 2 նռնակի և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։