Մի օր մեր նպատակին հասնելու ենք. Վահան Բիչախչյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուելսի դեմ տնային խաղի ոչ-ոքի հանդիպումը որակում է էմոցիոնալ:
«Հանդիպումն էմոցիոնալ էր: Դուրս էինք եկել հաղթելու: Շատ գոլային պահեր ստեղծեցինք, ցավոք, չկարողացանք երկրորդ գնդակը խփել: Ուելսն էլ իր ուժեղ կողմերից` անկյունայիններից, եզրային նետումներից, կարողացավ առավելագույնը քաղել: Չեմ էլ հիշում, որ Ուելսի շատ հնարավորություններ է ունեցել այս խաղի ընթացքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում ասաց Բիչախչյանը:
Խոսելով խաղային իրավիճակներից մեկում մրցակից հետ ունեցած բախումից` Բիչախչյանը շեշտեց, որ ոչ մի լուրջ բան չկա:
«Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, եթե այսօր հաղթեինք, ապա մեզ մեծ խաղ էր սպասվում Խորվաթիայում: Եթե շարունակենք նման կերպ, վստահաբար մի օր մեր նպատակին հասնելու ենք»,-ասաց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Ուելսի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: