ԼՂ-ից բռնի տեղահանված 27 քաղաքացի հաջողությամբ ավարտեց «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» ձեռներեցության ծրագիրը
ԼՂ-ից բռնի տեղահանված 27 քաղաքացի «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» խորագրով ձեռներեցության համատեղ ծրագրի շրջանակներում հնարավորություն է ունեցել ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում աշխատանքի և ձեռնարկատիրական հնարավորությունների բացահայտման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» խորագրով ձեռներեցության համատեղ ծրագիրն ամփոփվեց նոյեմբերի 18-ին «Մեգերյան Կարպետ» կենտրոնում մասնակիցներին վկայականների շնորհման հանդիսավոր արարողությամբ:
«Սա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կազմակերպած հերթական դասընթացն էր՝ այս անգամ մեր արցախցի հայրենակիցների համար: Դասընթացները զբոսաշրջության ոլորոտում տարբեր մասնագիտությունների գծով էին՝ հյուրանոցի կառավարում, հյուրընկալություն, մատուցողների և տուրօպերատորների պատրաստում: Զբոսաշրջության ոլորտի հետ կապ ունեցող բոլոր տեսակի մասնագիտություններով դասեր եղել են՝ համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավվածությամբ»,- նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ կատարել են իրենց առջև դրված մի քանի խնդիր: Ապրեսյանն ընդգծեց՝ ոլորտը համալրվելու է պահանջարկին համապատասխանող բարձրակարգ մասնագետներով: Ծրագրի նպատակն էր աջակցել ԼՂ-ից տեղահանված երիտասարդներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում աշխատանքի և ձեռնարկատիրական հնարավորությունների բացահայտման համար։
«Զբոսաշրջության ոլորտը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է, ուստի ինձ համար մեծ պատիվ է ողջունել կառավարության, դոնոր կազմակերպությունների, մասնավոր հատվածի և մասնագիտացված կառույցների համատեղ ջանքերը, որոնք միտված են ոլորտի զարգացմանն ու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը Հայաստանում»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:
Ձեռներեցության չորսշաբաթյա ինտենսիվ ծրագիրը կյանքի է կոչվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Միասնական սոցիալական ծառայության և «Ափգրեյդ Արմենիա» նախաձեռնության համագործակցության արդյունքում:
«Ինձ համար հատկանշական է այն, որ այս չորս շաբաթվա ձեր փորձը ավելին է, քան դասընթացների շարք. սա ճանապարհորդություն էր, որը, հուսով եմ, ձեզ թույլ կտա հարթել սեփական ուղին դեպի հաջողություն։ Ես տեսնում եմ, որ ձեր ոգին անկոտրում է։ ԱՄՆ ՄԶԳ-ում մենք հավատում ենք ձեզ և ոգեշնչված ենք ձեր օրինակելի խիզախությամբ ու նոր կյանք սկսելու նվիրումով: Վստահ ենք, որ մոտ ապագայում կլսենք ձեր նվաճումների մասին»,- միջոցառմանը իր բացման խոսքում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն։
ԼՂ-ից տեղահանված անձանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը աջակցելու ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի հաջորդ նախաձեռնությունը կլինի աքսելերացիոն ծրագրի մեկնարկը, որի արդյունքում մասնակիցները հնարավորություն կստանան կյանքի կոչել զբոսաշրջության ոլորտում իրենց նորարարական բիզնես գաղափարները։