Ինչու ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան չեն մասնակցում Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ նիստին․ Խանդանյան
Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պարզաբանումներ չեն ներկայացրել, թե ինչու չեն մասնակցում Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ներկայացրել են պատճառները, թե ինչու չեն մասնակցել ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանին։
«Որպես այդպիսին պազաբանումներ չեն ներկայացվել։ Ես գիտեմ, որ երեկ Ռուսաստանի պատվիրակությունը նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին։ Ասեմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չէ, որ հրավերներ է ուղարկել երկրների խորհրդարաններին, դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը։ Բոլոր 56 երկրների և 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը՝ նրանք մի քանի անգամ հարց են բարձրացրել տարբեր ձևաչափերով Հայաստանում իրենց անվտանգության հետ կապված։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին արձագանքել է, որ Ազգային ժողովը պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան»,- ասաց Խանդանյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Հայաստանը նախադեպ ունեցել է, երբ Ադրբեջանի պատվիրակները մասնակցել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին։
«Կան անվտանգության արարողակարգերը և մենք պատրաստ ենք դա անել, բայց նրանք չեն եկել»,- ավելացրեց Խանդանյանը։
Ինչ վերաբերվում է Թուրքիայի պատվիրակության չմասնակցելուն՝ Խանդանյանը այդ մասով տեղեկություն չունի։