ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտումը
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ռոն Դեսանտիսը, Նիկի Հեյլին և Վիվեկ Ռամասվամին վճռականորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնյա հայերի էթնիկ զտումը։ Ինչպես նշված է «Հայ դատի» հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ, նրանք այս հայտարարությունները արել են «The Family Leader» համաժողովի ժամանակ, որը վարել է համաժողովի նախագահ Բոբ Վանդեր Փլաթսը։
Նշելով, որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են և վկայակոչելով Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների էթնիկ զտումները, Վանդեր Փլաթսը հարցրել է երեք թեկնածուներին, թե ինչպե՞ս են նրանք ապահովելու, որ քրիստոնեության այս հիմ ամրոցը պահպանվի։
Ի պատասխան այդ հարցի Դեսանտիսը նշել է․ «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է կագնեն Հայաստանի քրիստոնյաների կողքին։ Կարծում եմ, որ դա վեհ գործ է»։
Նիկի Հեյլին իր պատասխանում ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում, զավեշտալի է․ «Մենք պետք է հայտարարենք Ադրբեջանին դրա մասին»։
Վիվեկ Ռամասվամին տվել է առավել մանրամասն պատասխան։
«Աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի համարվող 120 հազար հայերը ստիպված են եղել լքել իրենց տները: Եվ դրա հիմքում ավելի կեղտոտ գաղտնիք կա։ Մենք ՝ ԱՄՆ կառավարությունը, վճարում ենք դրա համար»,- ասել է Ռամասվամին։
Ռամասվամին քննադատել է նաև Բայդենի վարչակազմին՝ 907-րդ հոդվածի սահմանափակումները վերացնելու, Ադրբեջանին զինելու և հայերին էթնիկ զտումները հրահրելու համար: