Չի բացառվում, որ առաջիկայում ԱՀ ԱԺ նիստ գումարվի, բայց առայժմ հստակ որոշում չկա
Արցախի խորհրդարանի բոլոր՝ 5 խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են և քննարկել ԱԺ նիստ անցկացնելու անհրաժեշտությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը:
Նա նշեց, որ Արցախի ԱԺ նիստ հրավիրելու հարցով սեպտեմբերի վերջից պարբերաբար քննարկումներ են տեղի ունեննում, բայց առայժ, ըստ նրա, քաղաքական կոնսենսուս չկա:
«Խոսակցություններ են, կոնկրետ չեմ կարող ասել՝ դա կլինի, թե չի լինի, կամ կլինի ընդհանրապես: Ուզում եմ ասել՝ հստակություն դեռ չկա»,- նշեց նա:
Մեկ այլ քաղաքական ուժի՝ «Արդարություն» խմբակակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը ևս հաստատեց, որ 5 խմբակցություններով հավաքվել են և քննարկումներ ունեցել:
«Տարբեր ձևաչափեր ենք քննարկել՝ հասկանալով, որ մենք անգործ նստելու իրավունք չունենք, պարտավորություններ ունենք և պետք է կատարենք: Մեզ դեռ սպասվում է աշխատանքային խորհրդակցություն արդեն խմբակցությունների ղեկավարների մակարդակով, որտեղ այդ հարցով արդեն որոշում կկայացվի: Կհստակեցնեք նաև, թե ինչ պետք է քննարկենք, եթե ԱԺ նիստ տեղի ունենա: Չի բացառվում, որ առաջիկայում ԱՀ ԱԺ նիստ գումարվի»,- հավելեց պատգամավորը՝ ընդգծելով, որ իրենք իրավունք չունեն Արցախի հարցը փակել:
Հիշեցնենք՝ համաձայն մամուլի հրապարակումների՝ Արցախի խորհրդարանի բոլոր՝ 5 խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Արցախի ներկայացուցչությունում և քննարկել անելիքները։ Բոլոր ուժերի մոտ կա քաղաքական կոնսենսուս, որ առաջիկայում պետք է ԱԺ նիստ գումարել և վերսկսել բնականոն աշխատանքը։