«Ժողովուրդ». ՔՊ-ն փորձում է վերահսկել իր անդամներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնող խմբի նիստ էր արել: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից:
Տեղեկացանք, որ վարչության նիստը 2 ժամից ավելի է տեւել եւ հիմնականում նվիրված է եղել ՔՊ կանոնադրությանն ու կուսակցականների էթիկայի վարքականոններին: Մեր տեղեկություններով՝ պատճառն էլ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի սկանդալային վարքագիծն է եղել, ինչի պատճառով էլ նա հեռացվել էր կուսակցությունից. հավանաբար, Նիկոլ Փաշինյանը որոշել է դաս տալ ՔՊ-ականներին: ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը նիստի սկզբում կուսակցության կանոնադրությունն է ընթերցել թիմակիցների համար, խոսել է նրանց պարտականությունների ու էթիկայի կանոններին հետեւելու անհրաժեշտության մասին, խոսել է նաեւ կուսակցաշինության մասին:
Թե ինչու հենց Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ից ասացին, որ վարչությունն է այդպես որոշել: ՔՊ-ականներին ասվել է, որ չպետք է շեղվեն կուսակցության կանոնադրությունից, խստորեն պետք է հետեւեն դրան եւ չպետք է իրենց վարքով ստվեր գցեն ամբողջ թիմի վրա: Կուսակցության նախաձեռնող խմբի նիստն իր կարճ ելույթով եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ է նաեւ, որ նախաձեռնող խմբի նիստին նախարարները ներկա չեն եղել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: