ԱՀԿ ղեկավարը ՄԱԿ-ին կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ուղերձում կոչ է արել ապահովել խաղաղ բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսն ընդգծել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է համաշխարհային խաղաղությունը խթանելու համար, սակայն եթե այն չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա հարցեր են առաջանում կազմակերպության օգտակարության վերաբերյալ։
Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ճգնաժամը լուրջ փորձություն է աշխարհում խաղաղությունն ամրապնդելու համար ստեղծված կազմակերպության՝ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների համար:
«Եթե դուք, որպես ՄԱԿ-ի անդամ երկրներ, չեք ցանկանում կամ չեք կարող դադարեցնել այս արյունահեղությունը, ապա պետք է հարցնենք՝ ինչի՞ համար է ՄԱԿ-ը»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ Գազայի ճգնաժամը նաև ՄԱԿ-ի և մարդկության համար է ճգնաժամ, ուստի միայն բանակցությունները, բանաձևերը և հայտարարությունները բավարար չեն: