Մյանմայում 11 մարդ է զոհվել զինվորականների կողմից դպրոցի ռմբակոծության պատճառով
Մյանմայում զինվորականների կողմից դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Չին նահանգի Վուիլու գյուղի բնակիչներին։
Գյուղացիները հայտնել են, որ Վուիլուում զինվորականների կողմից ռմբակոծությունը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի երեկոյան, երբ գյուղի վրա է նետվել առնվազն 2 ռումբ։ Դրանցից մեկն ավերել է տունը, որն օգտագործվում էր որպես դպրոց՝ սպանելով այնտեղ սովորող 8 երեխաների և 3 չափահասի։ Ռումբերը վնասել են նաև մի քանի այլ շենքեր և գյուղի երկու եկեղեցիները։
Մյանմայում զինված խմբերը պայքարում են զինվորական խունտայի դեմ, որն ընտրված կառավարությունից 2021 թվականին խլեց իշխանությունը։ Չին նահանգը խունտայի դեմ դիմադրության հենակետն է։
BBC-ն նշում է, որ այս շաբաթ Չին նահանգում զինյալները վերահսկողության տակ են վերցրել Հնդկաստանի հետ սահմանին գտնվող Ռիկհավդար քաղաքը։ Սակայն ըստ տեղացիների՝ ռմբակոծված Վիուլու գյուղում ապստամբներ չեն եղել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն օրերս լուրջ մտահոգություն է հայտնել Մյանմայում հակամարտության սրացման առնչությամբ․ երկրում 2 միլիոն մարդ բախումների պատճառով տեղահանվել է։