Ուելսի հավաքականի մարզչի կարծիքով` Հայաստանի դեմ առաջիկա խաղում չպետք է կրկնել նախորդ հանդիպման սխալները
Ուելսի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջի կարծիքով` իր թիմն ամեն ինչ անելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ առաջիկա խաղում զերծ մնալու համար նախորդ հանդիպման սխալներից:
«Կարծում եմ, Հայաստանի հավաքականի հետ նախորդ խաղում մրցակիցները կոմպակտ էին գործում և լուրջ խնդիր ստեղծում մեզ համար: Այս խաղում պետք է ամեն ինչ անենք` չկրկնելու նախորդ սխալները: Մենք հարգանքով ենք մոտենում Հայաստանի դեմ առաջիկա խաղին: Հայաստանի ընտրանին արժանիորեն է հաղթել առաջին խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբ Փեյջը:
Մարզչի կարծիքով` նախորդ տուրերի խաղերից հետո Ուելսի հավաքականը լավ մարզավիճակում է մոտենում առաջիկա հանդիպմանը:
«Նախորդ խաղերում մեր հաղթանակները մեզ առավել մեծ վստահություն են տվել, սակայն նախորդ հաղթանակներն արդեն պատմության գրկում են, պետք է կենտրոնանանք առաջիկա խաղի վրա»,-ասաց Փեյջը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում` Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: