ՊԵԿ ներկայացուցիչները Նյու-Յորքում մասնակցել են «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների շուրջ» միջոցառմանը
Նյու Յորքում նոյեմբերի 14-ից 17-ը Հայաստանի պատվիրակության կազմում Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի կառավարությունների, Նյու Յորքի Կոլումբիա Համալսարանի կողմից կազմակերպված «Երկխոսություն հարկերի և կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) շուրջ» ամենամյա բարձրաստիճան միջոցառմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, միջոցառումը նվիրված է հարկային համակարգերի` ՄԱԿ-ի հռչակած կայուն զարգացման նպատակների համապատասխանեցման ընթացքին։
Պանելային քննարկումներից երկուսին հանդես է եկել նաև ՀՀ պատվիրակը՝ ներկայացնելով կայուն զարգացման նպատակների իրագործման ոլորտում հայաստանյան զարգացումները և արձանագրված առաջընթացը։ Միաժամանակ, միցոցառման մամուլի ասուլիսների ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչները անդրադարձել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Հայաստանում իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրերին։
Ըստ աղբյուրի՝ Պետական եկամուտների կոմիտեի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության տեխնիկական աջակցությամբ իրականացվող ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանում հարկային վարչարարության գործիքակազմն ամրապնդելու համար։ Ծրագրերն ընդգրկում են հարկային վարչարարության տարբեր ոլորտներ, մասնավորապես, տրանսֆերային գնագոյացման կարգավորում և վարչարարություն, գնագոյացման նախնական համաձայնագրերի ինստիտուտի կայացում, ՊԵԿ-ում թվային ապացույցների լաբորատորիայի ստեղծում և այլն։
Նշվում է, որ Նյու-Յորքում անցկացվող միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր պետությունների քաղաքական գործիչներ, հարկային քաղաքականության և վարչարարության համար պատասխանատու անձինք, դիվանագետներ, գիտնականներ և մտավորականներ։ Միջոցառման հիմնական նպատակն է ծավալել մասնակիցների միջև կառուցողական երկխոսություն, արդյունքում՝ գտնել պրագմատիկ լուծումներ և մշակել նորարար հարկային գործիքակազմերով միջառարկայական ռազմավարություն՝ կայուն զարգացման նպատակների առաջընթացն ապահովելու համար։ Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկումների և պլենար նիստերի ընթացքում մասնակիցները քննարկել են կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման համար հարկային լծակների կիրառությունը, հարկային վարչարարության անհատականացումը, սերնդից սերունդ ժառանգվող պետական պարտքի ազդեցությունը, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ֆինանսավորումը և այլ թեմաներ։