Դավութօղլուի Երևան գալուց առաջ Թուրքիան փորձում է մեղմել Բաքվի հնարավոր ռեակցիան
Թուրքիայիարտգործնախարար Ահմեթ Դավութօլղուն պաշտոնական Երևանի հրավերով դեկտեմբերի 12-ին ժամանելու է Հայաստան' մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության» (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստին: Հրավերն ու վերջինիս ընդունումը Դավութօղլուի կողմից դարձել է օրակարգային թուրքական մամուլի լրատվական հոսքերում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Թեմային անդրադարձել է թուրքական «Փոսթա» թերթի սյունակագիր Հաքան Չելիքը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ 2009-ից ի վեր թուրքական կողմից արտգործնախարարի մակարդակով ոչ մի այց չի կատարվել Հայաստան: Իսկ 2009-ին Երևանում է եղել այն ժամանակվա Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը' դարձյալ ՍԾՏՀ-ի շրջանակներում:
«Ադրբեջանի հնարավոր ռեակցիան մեղմելու համար թուրքական կողմն ասում է. «Մենք գնում ենք ոչ թե Երևանի, այլ ՍԾՏՀ-ի հրավերով»,- նշում է Չելիքը' հիշեցնելով, որ օրերս Կիևը դարձել էր դիվանագիտական գործողությունների հարթակ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համար: