ԿԳՄՍ նախարարը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ- ում հրդեհի հետևանքով տուժած քաղաքացուն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 17-ին այցելել է Երևանի պետական համալսարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը տեղում ծանոթացել է նոյեմբերի 17-ի առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:
Այնուհետև, Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:
Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։
Նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: