Ատեստավորումների արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վարձատրությունը կբարձրացվի
Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցած և 60-69 % արդյունք ցուցաբերած ուսուցիչները ևս կունենա դրույքաչափի փոփոխություն՝ առանց հավելավճարի: Համապատասխան որոշումն ընդունվեց Գործադիրի այսօրվա նիստում։
ԿԳՄՍ նախարարության առաջարկած նախագծին հավանություն տալով՝ վարչապետը նորից հստակեցրեց․ «Այն ուսուցիչները, ովքեր հավաքել են կամ առաջիկայում տեղի ունենալիք ատեստավորումների արդյունքում 60-69 տոկոս արդյունք կարձանագրեն, 2023թ․ հոկտեմբերից կստանան դրույքաչափի դիմաց 200 հազար դրամ վարձատրություն»։
Նախագծով առաջարկվում է նաև կրկնակի ատեստավորման արդյունքում բավարար ցուցանիշ չունեցած, սակայն մասնագիտական զարգացման աճ գրանցած կամ շեմային արդյունք ցուցաբերած ուսուցիչներին ատեստավորման ևս մեկ հնարավորություն ընձեռել։ Ըստ այդմ, 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած կամ առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքների մեջ առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները կստանան ևս մեկ անգամ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս տարի կամավոր ատեստավորման համր դիմել է 6320 ուսուցիչ։ Երեք տարվա ընթացքում ատեստավորման ճանապարհով 3549 ուսուցիչ բարձրացրել են իրենց վարձատրությունը։
Կարգավորումը կկիրառվի սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից սկսած։